«Ոչ»-ի հաղթանակը սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում հանրապետականների հեռացում չի նշանակում, բայց վտանգավոր է երկրի համար՝ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Սահմանադրական փոփոխությունների նպատակն էր ապահովել մեխանիզմներ, որոնք, նախ և առաջ, երկրում հնարավորություն են ընձեռում խաղաղ իշխանափոխության՝ առաջինը, ստեղծելու ավելի կայուն կառավարման մեխանիզմ՝ երկրորդը: Այս երկու հիմնական նպատակների վրա է կառուցված եղել բուն գաղափարախոսությունը»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով․«Սակայն, իհարկե, նմանատիպ փաստաթուղթ լրամշակելիս անհրաժեշտ է լինում անդրադարձ կատարել բոլոր թերություններին, որոնք մինչ այս տեսել ենք: Ընդդիմության դերակատարման ուժեղացում խորհրդարանում, 100 տոկոս համամասնական ընտրական համակարգ, քննիչ հանձնաժողովների ներմուծում Ազգային ժողովում, այսինքն՝ բազմաթիվ հարցեր ենք քննարկել»: «Եթե հաղթի «ոչ»-ը, վտանգ կա կայուն կառավարում ապահովելու, իսկ եթե կա վտանգ կայուն կառավարում ապահովելու, միշտ կարելի է նայել այլ երկրների փորձին»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը և մանրամասնեց․«Այն երկրները, որոնք գոնե նույն տարածաշրջանում են եղել, կամ նախկին խորհրդային երկրները, որոնք շարունակել են իրենց կառավարման հիմք ընդունել կիսանախագահական համակարգը, ի վերջո ավարտել են կամ գունավոր հեղափոխություններով, կամ այնպիսի իշխանություն ձևավորելով, որը չունի որևէ այլընտրանք, այսպես ասենք, կարելի է ասել՝ «կվազիհավերժական» իշխանություն»: «Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, և դրա համար էլ նախաձեռնվել են այս փոփոխությունները»: Ամփոփելով ակտիվ քարոզարշավի առաջին շաբաթը՝ ինչպիսի՞ն են արդյունքները՝ քաղաքացիների շրջանում «այո»-ն է՞ շատանում, թե՞ «ոչ»-ը, նախարարը ասաց․ «Ես ենթադրում եմ, որ շատանում է իրազեկումը: Մենք բավականին մեծ աշխատանք ենք տանում, որ մեր քարոզիչները բացատրեն, թե որն է եղել հիմնական նպատակը: Սա բարդ իրավական փաստաթուղթ է, ծավալուն իրավական փաստաթուղթ է, կարելի է ասել՝ բազմաթիվ հարցեր, դրանք տասնյակ չեն, քսան հարց չի, որ փոփոխության է ենթարկվել, այդ տեսանկյունից իսկապես գիտակցված ընտրությունը ամենակարևորն է: Սա է մեր հիմնական նպատակը այս փուլում»: